Jump to content

Piaggio

Piaggio
Image
պատկերանիշ
Տեսակմոտոցիկլետների արտադրող
ԵրկիրImage Իտալիա[1]
Հիմնադրված1884
Գլխադասային գրասենյակՊոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Անձնակազմ5702 մարդ (դեկտեմբերի 31, 2021)
ՀիմնադիրRinaldo Piaggio?
Պարգևներ
Կայքpiaggiogroup.com
43°39′41″N 10°37′21″E / 43.661388888889°N 10.6225°E / 43.661388888889; 10.6225

Պիաջո Գրուպ, իտալական տրանսպորտային միջոցներ արտադրող ընկերություն, որն արտադրում է Պիաջո, Վեսպա, Ապրիլիա, Մոտո Գուցի և Դերբի բրենդների երկանիվ մոտոտրանսպորտային միջոցների և կոմպակտ կոմերցիոն մեքենաների լայն տեսականի։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իտալիայի Պոնտեդերա քաղաքում։ Ընկերությունը 1884 թվականին հիմնադրել է Ռինալդո Պիաջոն՝ սկզբնական շրջանում արտադրելով լոկոմոտիվներ և երկաթուղային վագոններ։

«Պիաջո Գրուպի» դուստր ձեռնարկություններն ընդհանուր առմամբ ապահովել են 7,053 աշխատատեղ և 2014 թվականին արտադրել են ընդհանուր առմամբ 519,700 տրանսպորտային միջոց[2]: Արտադրողն ընդհանուր առմամբ հիմնել է հետազոտությունների և մշակումների վեց կենտրոն ու իր գործունեությունն է ծավալել ավելի քան 50 երկրում[3]:

1882 թվականին Էնրիկո Պիաջոն հողատարածք է գնել Սեստրի Պոնենտեում (Ջենովա)՝ փայտանյութի պահեստ հիմնելու նպատակով։ Երկու տարի անց՝ 1884 թվականին, նրա 20-ամյա որդին՝ Ռինալդո Պիաջոն (1864-1938), հիմնադրել է «Պիաջո և ընկերներ» ձեռնարկությունը։ Ընկերությունը սկզբնական շրջանում կառուցել է լոկոմոտիվներ և երկաթուղային վագոններ։ 1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ընդառաջ, Ռինալդո Պիաջոն անցում է կատարել ռազմական ոլորտին, և ընկերությունն սկսել է արտադրել MAS հակասուզանավային մոտորանավակներ, ինքնաթիռներ ու հիդրոինքնաթիռներ՝ Անսալդո, Մակկի, Կապրոնի և Դորնիե ընկերությունների արտոնագրերով։ Որոշ ժամանակ անց ընկերությունն առաջընթաց է գրանցել և անցել արդեն իսկ սեփական գծագրերով նախագծված տրանսպորտային միջոցների կառուցմանը[4]:

1937-1939 թվականներին Պիաջոն աշխարհի 21 ռեկորդ է սահմանել իր այն օդանավերով ու շարժիչներով, որոնք արտադրել է Պոնտեդերայի նոր գործարանում և հասել է զարգացման գագաթնակետին չորս շարժիչով Պիաջո P.108 ռմբակոծիչի ստեղծմամբ։ Ռինալդոն մահացել է 1938 թվականին, և այդ ժամանակահատվածում ընկերությունն արդեն անցել է ընտանիքի մի քանի բաժնետերերի, ինչպես նաև ձեռնարկատեր Ատիլիո Օդերոյի տնօրինությանը։ Ընկերության կառավարումն անցել է նրա որդիներին՝ Էնրիկոյին և Արմանդոյին[5]: Մինչև 1940 թվականը Պիաջոն արտադրել է գնացքներ, նավային սարքավորումներ, ինքնաթիռի շարժիչներ, օդանավեր, բեռնատարներ, տրամվայներ, ավտոբուսներ, ճոպանուղիներ, ինչպես նաև ալյումինե դռներ ու պատուհաններ։ Պոնտեդերայի գործարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավերվել է Դաշնակցային ուժերի ռմբակոծության հետևանքով, և արտադրական գործունեությունը տեղափոխվել է Բիելլայի տարածաշրջան։

Պատերազմից հետո Էնրիկո Պիաջոն որոշել է դիվերսիֆիկացնել ընկերության գործունեությունը ավիացիոն արդյունաբերությունից դուրս՝ նպատակ ունենալով բավարարել իտալական լայն սպառման շուկայի համար ժամանակակից ու մատչելի տրանսպորտային միջոցի ակնհայտ պահանջարկը։ Առաջին փորձը, որը հիմնված էր պարաշյուտիստների համար պատրաստված փոքր մոտոցիկլետի վրա, հայտնի է եղել MP5 անվամբ և իր տարօրինակ ձևի պատճառով ստացել է «Պապերինո» մականունը (Դոնալդ Դաքի իտալական անունը)։ Ի վերջո, այն դուր չի եկել Էնրիկո Պիաջոյին, և նա խնդրել է Կորադինո Դ'Ասկանիոյին վերանախագծել այն։

Դ'Ասկանիոն, որն ավիացիոն ինժեներ էր և «Ագուստա» ընկերության առաջին ժամանակակից ուղղաթիռի նախագծման ու կառուցման պատասխանատու, առանձնակի ոգևորվածություն չի տածել մոտոցիկլետների հանդեպ՝ դրանք համարելով անհարմար ու մեծածավալ, որոնց անիվները դժվար է եղել փոխել ծակվելուց հետո։ Երբ նրան խնդրել են մոտոցիկլետ նախագծել Ֆերդինանդո Ինոչենտիի համար, Դ'Ասկանիոն հանդես է եկել ցածր շրջանակով սկուտերի նախագծով, սակայն Դ'Ասկանիոն և Ինոչենտին համաձայնության չեն եկել խողովակավոր հիմքի փոխարեն մամլված պողպատե շրջանակ օգտագործելու հարցում, ուստի Դ'Ասկանիոն իր նախագիծը տարել է Պիաջոյի մոտ։ Ի վերջո, Ինոչենտին օգտագործել է Դ'Ասկանիոյի նախնական գաղափարն իրենց «Լամբրետա» սկուտերի համար։

Պիաջոն խնդրել է Դ'Ասկանիոյին ստեղծել պարզ, ամուր ու մատչելի տրանսպորտային միջոց։ Մոտոցիկլետը պետք է հեշտ վարելի լիներ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար, հնարավորություն ունենար ուղևոր փոխադրելու և չկեղտոտեր վարորդի հագուստը։ Ինժեների գծագրերը զգալիորեն տարբերվել են «Պապերինոյից»։ Մարիո Դ'Էստեի օգնությամբ նա պատրաստել է «Վեսպայի» առաջին նախագիծը, որն արտադրվել է Պիաջոյի՝ նոր վերակառուցված Պոնտեդերայի գլխամասում 1946 թվականի ապրիլին։ Պիաջոն շուկա է հանել «Վեսպան» (իտալերենից թարգմանաբար՝ կրետ), և տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ Իտալերենը հարստացել է նոր բառով՝ «վեսպարե», որը նշանակում է որևէ տեղ գնալ «Վեսպայով»[6]:

2024 թվականին Պիաջոն նշել է իր հիմնադրման 140-ամյակը «Vespa 140th of Piaggio» սահմանափակ թողարկմամբ, որից ընդամենը 140 օրինակ է հասանելի եղել 2024 թվականի ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում[7]:

Սեփականատերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Image
"Վեսպա" Թոդի փողոցում

«Վեսպան» վերելք է ապրել մինչև 1992 թվականը, երբ գլխավոր տնօրեն է դարձել Անտոնելա Բեկի Պիաջոյի և Ումբերտո Անյելիի որդին՝ Ջովանի Ալբերտո Անյելին։ Անյելին մեծ հաջողությունների է հասել արտադրության ընդլայնման և առաջարկվող տեսականու արդիականացման գործում։ Նա անսպասելիորեն մահացել է քաղցկեղից 1997 թվականին՝ 33 տարեկան հասակում[8]: 1999 թվականին «Մորգան Գրենֆել Փրայվիթ Էքուիթի» ընկերությունը ձեռք է բերել Պիաջոն, սակայն արագ վաճառքի հույսերը մարել են Չինաստանում ձախողված համատեղ ձեռնարկության պատճառով։ Իտալիայում Պիաջոն 15 միլիոն եվրո է ներդրել նոր մոտոցիկլետի ստեղծման համար, սակայն հրաժարվել է նախագծից նախատիպի կառուցումից հետո։ Մինչև 2002 թվականի վերջը ընկերությունը կուտակել է 577 միլիոն եվրոյի պարտք՝ 945 միլիոն եվրո հասույթի դիմաց, և արձանագրել է 129 միլիոն եվրոյի կորուստ։

2003 թվականին Պիաջոյի պարտքը կրճատվել է 100 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ, որը կատարել է Կոլանինո ընտանիքին պատկանող «ԻՄՄՍԻ» հոլդինգային ընկերությունը։ Բացի այդ, պարտատեր բանկերի կողմից փոխարկվել է 150 միլիոն բաժնետոմս։ Անդրադառնալով իր կատարած ներդրմանը՝ Ռոբերտո Կոլանինոն ասել է.

«Շատերն ինձ ասում էին, որ ես խենթ եմ։ Պիաջոն չէր մահանում։ Այն պարզապես ավելի լավ վերաբերմունքի կարիք ուներ[9]»:

Կոլանինոն դարձել է Պիաջոյի նոր նախագահը, իսկ Ռոկո Սաբելին՝ գործադիր տնօրենը։ Սաբելին վերանախագծել է արտադրական գիծը ճապոնական սկզբունքներով, որպեսզի Պիաջոյի յուրաքանչյուր սկուտեր հնարավոր լինի պատրաստել ցանկացած հավաքման հոսքագծի վրա։ Հակառակ սպասումների՝ Կոլանինոն ոչ մի աշխատակցի աշխատանքից չի հեռացրել. քայլ, որն օգնել է սիրաշահել ընկերության թերահավատ արհմիություններին։ «Ընկերության յուրաքանչյուր աշխատակից արժեքային շղթայի մի մասնիկն է»,- ասել է Կոլանինոն։ Բանվորների և ղեկավար կազմի բոլոր հավելավճարները հիմնվել են միևնույն չափանիշների վրա՝ շահույթի մարժա և հաճախորդների գոհունակություն։ Գործարանում առաջին անգամ տեղադրվել է օդորակման համակարգ, ինչը բարձրացրել է արտադրողականությունը։ Նա նաև հստակ վերջնաժամկետներ է սահմանել ընկերության ինժեներների նախագծերի համար, որոնք անգործության էին մատնվել ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Նրանք 2004 թվականին ներկայացրել են համաշխարհային երկու նորույթ՝ գազաէլեկտրական հիբրիդային սկուտեր և ճանապարհին ավելի լավ կառչելու համար առջևում երկու, իսկ հետևում մեկ անիվ ունեցող կատարելագործված, թեքվող սկուտեր։

Պիաջոյի խնդիրներից մեկը, որը Կոլանինոն չի կարողացել լուծել ներսից, ընկերության ծավալներն էին։ Չնայած Պիաջոն եվրոպական շուկայի առաջատարն էր, այն զգալիորեն զիջում էր իր մրցակիցներին՝ Հոնդային և Յամահային։ Պիաջոյի առողջացումից մեկ տարի անց Կոլանինոն կազմակերպել է իտալական սկուտերներ և մոտոցիկլետներ արտադրող «Ապրիլիա» ընկերության, և դրա հետ մեկտեղ՝ Ապրիլիային պատկանող, մոտոցիկլետների պատմություն ունեցող իտալական մեկ այլ արտադրողի՝ «Մոտո Գուցիի» կլանումը Պիաջոյի կողմից։

2006 թվականին Պիաջոյի բաժնետոմսերը հանվել են Միլանի ֆոնդային բորսա՝ ընկերությունը վերածելով բաց բաժնետիրական ընկերության։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին, երբ արտադրվել է միլիոներորդ «Վեսպա» սկուտերը, Իտալիան ունեցել է սերիական արտադրության իր առաջին մոտորացված տրանսպորտային միջոցը։ Օգտվելով «Վեսպայի» հաջողության շնորհիվ ավելացած դրամական հոսքերից՝ Պիաջոն մշակել է նաև այլ արտադրանքներ, այդ թվում՝ 1957 թվականի «Vespa 400» կոմպակտ մարդատար ավտոմեքենան։ 1959 թվականին Պիաջոն անցել է «Ֆիատ» ավտոարտադրողի սեփականատեր հանդիսացող Անյելի ընտանիքի վերահսկողության ներքո։ Մինչև 1960 թվականը «Վեսպան» ամբողջ աշխարհում արտադրել ու վաճառել է արդեն 4 միլիոն օրինակ[10]: 1964 թվականին Պիաջոյի ավիացիոն և մոտոցիկլետային ստորաբաժանումները բաժանվել են՝ վերածվելով երկու անկախ ընկերությունների, ինչը պայմանավորված էր իտալական արդյունաբերության մեջ «Ֆիատի» ունեցած մեծ մասնաբաժնով։ Ավիացիոն ստորաբաժանումն անվանվել է «IAM Rinaldo Piaggio»։ Ավիաշինական «Piaggio Aero» ընկերությունն անցել է Պիեռո Ֆերարիի ընտանիքի վերահսկողության ներքո, որը մինչ օրս տնօրինում է «Ֆերարիի» բաժնետոմսերի 10%-ը։ 1969 թվականին Պիաջոն գնել է «Ջիլերա» մոտոցիկլետային ընկերությունը, որը եվրոպական մոտոցիկլետների հնագույն արտադրողներից է (հիմնադրվել է 1909 թվականին) և հայտնի է Մոտոցիկլետների աշխարհի առաջնությունում իր մարզական նվաճումներով ու աշխարհի չեմպիոնական տիտղոսներով[11]: 1971 թվականին ղեկանիվ է ավելացվել «Piaggio Ape» մոդելին, որն առաջին անգամ արտադրվել էր 1948 թվականին՝ իր գագաթնակետին հասնելով «Ape Car» տարբերակի ստեղծմամբ։ Չորս տարի անց՝ 1975 թվականին, ընկերությունը պատրաստել է էլեկտրական «Ape»-ի առաջին նախատիպը[12][13]: 1988 թվականին «Վեսպան» հասել է արտադրված 10 միլիոն օրինակի սահմանագծին[14]:

1996 թվականին՝ առաջին մոդելի հիսնամյակի տարում, «Վեսպան» անցել է արտադրված 15 միլիոն օրինակի սահմանագիծը, և շուկա է հանվել չորս տակտով նոր «Vespa ET»-ն, որը վերջին 18 տարվա ընթացքում ընկերության առաջին ամբողջովին նոր «Վեսպան» մոդելն էր[15]: Պիաջոն դեռևս գտնվում էր ֆինանսական ծանր դրությունում, սակայն նրա ապրանքանիշի ճանաչելիությունը մնում էր բարձր, ինչին նպաստել է նաև «ET4» մոդելի հայտնվելը հոլիվուդյան մի քանի ֆիլմերում։ 1999 թվականին Բարամատիում սկսվել է հնդկական շուկայի համար նախատեսված երեք անիվանի «Ape»-ի արտադրությունը[16]:

2000 թվականին Պիաջոն և «Վեսպան» վերադարձել են Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելեսում առաջին «Vespa Boutique» սրահի բացմամբ։ Նույն տարում Պոնտեդերայում հանդիսավորությամբ բացվել է Պիաջոյի պատմության թանգարանը։ Թանգարանում ներկայացված է Պիաջոյի պատմական արխիվը, որն Իտալիայի արդյունաբերական պատմության վերաբերյալ ընկերությունների ամենաընդգրկուն արխիվներից մեկն է։ 2001 թվականին «Պիաջո Գրուպը» ձեռք է բերել «Դերբի-Նասիոնալ Մոտոր» ընկերությունը[17],որը 1922 թվականին հիմնադրված իսպանական պատմական ապրանքանիշ է, նվաճել է աշխարհի 18 չեմպիոնական տիտղոս և մայրցամաքային առաջատար է եղել փոքր աշխատանքային ծավալով մոտոցիկլետների սեգմենտում։ Նույն տարում «Ջիլերան» վերադարձել է Մոտոցիկլետների աշխարհի առաջնություն և Մանուել Պոջիալիի շնորհիվ անմիջապես նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը 125 սմ³ դասում[18]:

2004 թվականի ապրիլին Պիաջոն և չինական «Զոնգշեն» արտադրողը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Zongshen Piaggio Foshan Motorcycle» համատեղ ձեռնարկությունը ստեղծելու նպատակով, որը Ֆոշան քաղաքում հիմնել է գործարան՝ չինական շուկայի համար սկուտերներ արտադրելու համար[19]: 2004 թվականի դեկտեմբերի վերջին ստորագրվել է «Ապրիլիա-Մոտո Գուցի» խմբի կլանման վերջնական պայմանագիրը։ Ծնվել է երկանիվ տրանսպորտային միջոցներ արտադրող եվրոպական ամենախոշոր խումբը[20]:

2007 թվականին «Պիաջո Գրուպը» մուտք է գործել Վիետնամ։ Վին Ֆուկի գործարանը ներառում է հետազոտությունների և մշակումների (R&D), եռակցման և ներկման աշխատանքների, ինչպես նաև սկուտերների վերջնական հավաքման ստորաբաժանումները՝ պահեստային, փորձարկման, որակի հսկողության և գրասենյակային տարածքների հետ միասին[21]: 2009 թվականին շուկայում իր դեբյուտն է կատարել «Piaggio Mp3 Hybrid»-ը, որն աշխարհում առաջին հիբրիդային սկուտերն էր։ Այն համատեղում էր շրջակա միջավայրի վրա ցածր ազդեցություն ունեցող ավանդական ներքին այրման շարժիչը զրոյական արտանետումներով էլեկտրական շարժիչի հետ՝ միավորելով երկու ուժային տեղակայանքների առավելությունները[22]: 2012 թվականին Բարամատիում (Մահարաշտրա նահանգ) բացվել է «Պիաջո Գրուպի» նոր գործարանը, որը տեղական շուկայի համար «Վեսպա» սկուտերներ արտադրելու համար էր[23]:

2013 թվականին Փասադենայում (Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) բացվել է PADC-ը՝ «Piaggio Advanced Design Center»-ը (Պիաջոյի առաջադեմ դիզայնի կենտրոն)[24]: Այդ նույն տարում թողարկվեց նաև «Vespa 946»-ը՝ «Vespa Primavera» նոր մոդելի հետ միասին, որը «փոքր թափքով» (small body) ընտանիքի վերջին էվոլյուցիան էր։ 2013 թվականին ամբողջ աշխարհում «Վեսպայի» վաճառքը կազմել է գրեթե 190,000 օրինակ, մինչդեռ 2004 թվականին այդ ցուցանիշը կանգնած էր 58,000-ի վրա։ Տասը տարվա անընդմեջ աճի ընթացքում արտադրվել է ավելի քան 1.3 միլիոն նոր «Վեսպա»։ Իսկ 1946 թվականից ի վեր արտադրվել և վաճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 18 միլիոն «Վեսպա» սկուտեր[25]:

2017 թվականի սեպտեմբերին «Ֆոտոնը» և «Պիաջոն» համաձայնության են եկել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ՝ թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցներ մշակելու և արտադրելու նպատակով[26]: «Ֆոտոնի» շասսիի հիման վրա ստեղծված նոր մեքենան վաճառվել է «Piaggio Commercial Vehicle» ստորաբաժանման կողմից ամբողջ աշխարհում, բացառությամբ Չինաստանի։ Մեքենան նախատեսված էր փոխարինելու «Piaggio Porter» մոդելին, և դրա արտադրությունը պլանավորվում էր սկսել 2019 թվականի կեսերին Պոնտեդերայում (Իտալիա), ընդ որում՝ բոլոր բաղադրիչներն արտադրվելու էին Չինաստանում՝ «Ֆոտոնի» կողմից[27]:

Պիաջոյի «Մշակութային նախագիծ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիաջոյի «Մշակութային նախագիծը» (Cultural Project) խթանում է ընկերության ժառանգության վերականգնումն ու արժևորումը և բաղկացած է երեք նախաձեռնությունից՝ «Պիաջո» հիմնադրամից, Պատմական արխիվից և «Պիաջո» թանգարանից։ 2003 թվականին թանգարանն ու արխիվը ճանաչվել են լավագույնը կորպորատիվ թանգարանների և արխիվների թվում՝ արժանանալով իտալական «Premio Impresa e Cultura» (Ձեռնարկություն և մշակույթ) մրցանակին[28]: 2016 թվականին, Իտալիայի մշակույթի նախարարության հովանու ներքո, «Պիաջոն» իր կորպորատիվ թանգարանի համար «pptArt»-ի կողմից արժանացել է «Corporate Art Award» (Կորպորատիվ արվեստի մրցանակ) մրցանակին[29]:

Ապրանքանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Image
1962 Վեսպա 150 ԳԼ
Image
Պիաջիո եռանիվ սկուտեր MP3

Պիաջո Գրուպ-ի ներկայիս ապրանքանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլիան արտադրել է մոտոցիկլետներ, սկուտերներ և մոպեդներ:
  • Պիաջիոն արտադրել է սկուտերներ և մոպեդներ:
  • Վեսպան արտադրել է սկուտերներ և մոպեդներ:
  • Մոտո Գուցին արտադրել է մոտոցիկլետներ:
  • Պիաջիո Կոմերցիոն Մեքենաները արտադրել է թեթև կոմերցիոն մեքենաներ:

Գործունեությունը դադարեցրած ապրանքանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկարաբեոն արտադրել է սկուտերներ և մոպեդներ:
  • Դերբին արտադրել է մոտոցիկլետներ, սկուտերներ, մոպեդներ և ժամանցի համար նախատեսված ամենագնացներ (քվադրոցիկլեր):
  • Ջիլերան 1909-2020 թվականներին արտադրել է մոտոցիկլետներ, սկուտերներ, մոպեդներ և ժամանցի համար նախատեսված ամենագնացներ (քվադրոցիկլեր):
  • Լավերդան արտադրել է մոտոցիկլետներ:

Փոխադրամիջոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկանիվ փոխադրամիջոցներ

  • Պիաջիո Ֆլայ (ասիական շուկայի համար)
  • Պիաջիո Բևերլի
  • Պիաջիո Լիբերթի
  • Պիաջիո Մեդլի
  • Վեսպա
  • Պիաջիո Զիփ
  • Պիաջիո X7 (ասիական շուկայի համար)
  • Պիաջիո 1

3 անիվ ունեցող փոխադրամիջոցներ

  • Պիաջիո MP3
  • Պիաջիո Ապե
  • Պիաջիո ՄայՄուվեր

Կոմերցիոն փոխադրամիջոցներ

Image
Պիաջիո բեռնակիր ՆՊ6
  • Պիաջիո Պորտեր

Արտադրությունը դադարեցվել է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկանիվ փոխադրամիջոցներ

  • Պիաջիո Բոս
  • Պիաջիո Բոքսեր
  • Պիաջիո Բրավո
  • Պիաջիո Քարնաբի
  • Պիաջիո Չաո
  • Պիաջիո Կոզա
  • Պիաջիո Դիեզիս
  • Պիաջիո Ֆրի
  • Պիաջիո Գրանդե
  • Պիաջիո Գրիլլո
  • Պիաջիո Հեքսագոն
  • Պիաջիո NRG
  • Պիաջիո Քվարց
  • Պիաջիո Սկատտո
  • Պիաջիո Սֆերա
  • Պիաջիո Սկիպեր
  • Պիաջիո Սի
  • Պիաջիո Տոլեդո
  • Պիաջիո Թայֆուն
  • Պիաջիո Վեսպինո
  • Պիաջիո Վելոֆաքս
  • Պիաջիո X7
  • Պիաջիո X8
  • Պիաջիո X9
  • Պիաջիո X10
  • Պիաջիո Քսևո

3 անիվ ունեցող փոխադրամիջոցներ

  • Պիագիո Ցիաո Պորտեր

Կոմերցիոն փոխադրամիջոցներ

  • Պիաջիո Քուարգո

Ամենագնացներ

  • Թրեքմաստեր

Քվադրիցիկլներ

  • Պիագիո ՊՔ500
  • Պիագիո ԱԼ500
  • Պիագիո ՊՔ500

Ավիացիոն շարժիչներ (1920-1950)

  • Պիաջիո P.VI
  • Պիաջիո P.VII
  • Պիաջիո P.VIII
  • Պիաջիո P.IX
  • Պիաջիո P.X
  • Պիաջիո P.XI
  • Պիաջիո P.XII
  • Պիաջիո P.XV

Էլեկտրական սկուտերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Piaggio MP3-ի նոր փլագ-ին հիբրիդային տարբերակը համալրվել է 125 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչով և էլեկտրական շարժիչով, որն ապահովում է մոտավորապես 60 կմ/լ վառելիքի խնայողություն և միայն մարտկոցի էներգիայով անցնում է 21 կմ տարածություն: Այս մեքենան շուկայում հայտնվել է 2009 թվականին[30]։

Piaggio-ն և Vespa-ն նույնպես մշակել են հիբրիդային էլեկտրական սկուտերներ: Ստեղծվել է երկու մոդել, որոնք հիմնված են հանրաճանաչ Vespa LX 50-ի և ավելի հզոր Piaggio X8 125-ի վրա[31]։

2021 թվականի Պեկինի ավտոսրահում Պիաջոն ներկայացրել է բոլորովին նոր՝ Piaggio 1 էլեկտրական սկուտերը։ Այս մոդելն արտադրվել է երեք տարբերակով՝ 1 base, 1+ և 1 Active։

1 base տարբերակն ունեցել է 1.4 կՎտժ հզորությամբ և 48Վ լարմամբ մարտկոց, 1.2 կՎտ հզորությամբ շարժիչ, 85 Նմ պտտող մոմենտ, 45 կմ/ժ առավելագույն արագություն (հետևաբար՝ գրանցված է որպես մոպեդ) և 55 կմ ընթացքի պաշար։ 1+ տարբերակը տարբերվել է իր մարտկոցով, որի հզորությունը բարձրացել է մինչև 2.3 կՎտժ, իսկ ինքնավարությունը հասել է 100 կիլոմետրի։

1 Active մոդելն ունեցել է նույն 2.3 կՎտժ հզորությամբ մարտկոցը, սակայն շարժիչի առավելագույն հզորությունը կազմել է 2 կՎտ, պտտող մոմենտը հասել է 95 Նմ-ի, իսկ արագությունը բարձրացել է մինչև 60 կմ/ժ (մոտոցիկլետի տիպի գրանցում), ընդ որում՝ միջին ընթացքի պաշարը կազմել է 85 կմ/ժ ։

Բոլոր տարբերակների համար լիցքավորման ժամանակը կազմել է 6 ժամ[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.lobbyfacts.eu/datacard/piaggio--c-spa?rid=285162034736-01
  2. «Piaggio Group: 2015 Draft Financial Statements». Piaggio Group (անգլերեն). 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Annual Report 2012 – Piaggio Group». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. Sarti, Giorgio (2006). Vespa (անգլերեն). Motorbooks. ISBN 9780760325773.
  5. «History of Piaggio & C. S.p.A.».
  6. «Piaggio Origins & Vespa History». 2010 թ․ օգոստոսի 29.
  7. «Vespa Special Edition Introduced To Celebrate Piaggio's 140th Anniversary». Times Now. 2024 թ․ ապրիլի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Death of Giovanni Alberto Agnelli - Obituary». The Independent.
  9. «Vespa's Builder Scoots Back To Profitability».
  10. «Piaggio History» (անգլերեն). 2015 թ․ մայիսի 13.
  11. «Gilera – Models and History» (անգլերեն).
  12. Kiều, Trinh (2023-05-12). «định vị xe máy». www.dinhvixemay.vn (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-08-21-ին.
  13. «History of Piaggio Ape» (անգլերեն).
  14. «Happy Days! Vespa celebrates its 70th birthday». Daily Mirror (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 28.
  15. «Vespa History».
  16. «Piaggio inaugurates Vespa manufacturing plant in Baramati».
  17. «Derbi». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  18. «Poggiali brings Gilera first 125 win for 45 years».
  19. «Piaggio Group signs Memorandum of understanding with Zongshen in commercial vehicles buisness [sic]». .piaggiogroup.com. 2008 թ․ հուլիսի 29. Արխիվացված (PDF) օրիգինալից 2025 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 28-ին.
  20. «Piaggio Buys Aprilia & Moto Guzzi».
  21. «Piaggio Group: official opening of new Vietnam factory». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  22. «Piaggio launches MP3 Hybrid 300ie scooter».
  23. «Piaggio Group: Vespa makes its official debut on the Indian market». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  24. «Will The Motorcycle of the Future Come From Pasadena?».
  25. «70 Years of Vespa: All the Vespas Produced, Ever».
  26. «Piaggio Commercial: Veicoli Commerciali e Mezzi da Lavoro». piaggiocommercial (իտալերեն). Վերցված է 2025-08-21-ին.
  27. «Piaggio, via all'accordo con i cinesi di Foton». la Repubblica (իտալերեն). 2018-04-16. Վերցված է 2025-08-21-ին.
  28. «Riaprono i punti vendita Piaggio e Vespa con occasioni irripetibili | Piaggio Group». www.piaggiogroup.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  29. «2016 Corporate Art Awards - Corporate winners». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  30. «Piaggio Scooters Gone Green: 141 MPG Hybrid». TreeHugger. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2009-08-10-ին.
  31. «Vespa Unveils Hybrid Scooters». TreeHugger. Վերցված է 2009-08-10-ին.
  32. «Piaggio One electric scooter revealed ahead of global debut at 2021 Beijing auto show». 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.